Մեկ փողոցով Գյումրին վերածնունդ չի ապրում և ոչ էլ շնչում է. Վահան Թումասյան 2018-04-16   476     

Մեկ փողոցով Գյումրին վերածնունդ չի ապրում և ոչ էլ շնչում է. Վահան Թումասյան

Մեկ փողոցով Գյումրին վերածնունդ չի ապրում և ոչ էլ շնչում է. Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով գնահատականներին, թե բազմաչարչար ու տանջված Գյումրին է սկսել շնչել կամ վերածնվում է՝ ասաց «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը:

«Վերածնունդ ասելով՝ ի՞նչ նկատի ունեն, այդ անունով փառատոն կա, որ անցկացնում են, գուցե այդ վերածնո՞ւնդը նկատի ունեն: Իրենց գործունեությունը Գյումրիում ընդամենը կոնֆերանսների, փառատոնների տեսքով է: Մեկ փողոց վերակառուցելով և մեկ այլ փողոց քանդելով՝ իրենք մտածում են, որ դրանով աղքատությունը կրճատվե՞ց»,-ասաց նա:

Նշենք, որ «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրից հետո սկսվելու է Գյումրու երկրորդ պատմական՝ Հովհաննես Շիրազի անվան փողոցի վերանորոգումը:

Հիշեցնենք նաև, որ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Կառավարության մոտալուտ հրաժարականին ընդառաջ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությանը և նշել, որ «բազմաչարչար ու տանջված Գյումրին է սկսել շնչել, անհավատալի է»:

Իսկ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ավելի վաղ նշել էր, թե Գյումրին վերածնվում է, թեև անելիքներ դեռ ունեն:

Ըստ Վահան Թումասյանի՝ աղքատության կրճատման առումով զրոյական արդյունք է: «Թերևս համարենք, որ կրճատվել են արտագաղթի տեմպերը, որովհետև գնացողները ամենածայրահեղ աղքատները չեն, իսկ չեն գնում, որովհետև ավելի շատ են ծայրահեղ աղքատները»,-ասաց նա և հավելեց, թե դա չի նշանակում, որ արտագաղթը չի շարունակվում:

«Հատկապես երիտասարդության վիճակը ահավոր ծանր է, որևէ աշխատատեղ չկա, Գյումրիի փողոցները ինչպես ավերակ, քանդված վիճակում կային, այդպես էլ շարունակվում են մնալ, ծայրամասերի թաղամասների մասին ընդհանրապես չխոսենք, իրենք ընդամենը լոզունգի տեսքով են վերածնունդ ասում»,-ասաց նա:

Վահան Թումասյանի խոսքով՝ պատահական չէ, որ երկրաշարժի 30-ամյա տարելիցն է լրանում, և գոնե այս առիթը չի օգտագործվում համայն հայությանը համախմբելու, խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար, որպեսզի որոշակի ներդումային ծրագրեր իրականացնեն:

«Բայց դա էլ չեն անում, կռահում եմ՝ ինչու չեն անում, որովհետև ամբողջ աշխարհը և համայն հայությունը կսկսեին իրենց երեսին ասել՝ 30 տարի անց դեռ այս վիճա՞կն է: Իրենք փորձում են աղքատության կրճատման առումով ներդրումներ և ծրագրեր իրականացնել, դա էլ չեն անում և իրավիճակը խորանում է»,-ասաց նա:

Ըստ Թումասյանի՝ քաղաքը վերակառուցելու ծրագիրը շատ խոցելի է և ոչ արդյունավետ:

«Ավելի լավ է՝ աշխատատեղեր բացեն, առանց իրենց այդ ծրագրերի էլ կարող էր իրականանալ, զբոսաշրջիկները որ գալիս են, թող իրենց չվերագրեն, կոլորիտով քաղաք է, գալիս են։ Իսկ եթե վերագրում են, թող ցույց տան, որ տուրիստը գալիս է ու մնում է: Իրականում գալիս է, մի քանի ժամով շրջում է ու հետ է վերադառնում, դա ոչինչ չի տալիս»,-ասաց նա: 

Իսկ թե այդ դեպքում այդքան ծավալի ներդրումներն ո՞ւր են գնացել, նա նշեց, թե չի կարող ասել՝ ինչ գումարների մասին է խոսքը, դա մեկ փողոց է և «մահացող քաղաքում այդ փողոցով իհարկե ոչինչի չեն կարող հասնել»:

Նելլի Լազարյան

http://www.tert.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: