«Տպավորություն է, որ աղետից ընդամենը մի քանի ամիս է անցել» 2017-12-07   53     

«Տպավորություն է, որ աղետից ընդամենը մի քանի ամիս է անցել»

Մեր հյուրն է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը 

– Պարո՛ն Թումասյան, Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի անց աղետի գոտի ասվածն այդպես էլ հիշողություն չի դարձել: Ինչո՞ւ խնդիրները վերջնականապես չկարգավորվեցին:

– Երկրաշարժ տեսած մեր սերնդի բախտը չբերեց: Խորհրդային Միության փլուզում, Արցախյան պատերազմ, հետագայում նաև իշխանափոխություն և իշխանության տեսակ, որը նման ծանր վիճակում հայտնված երկիրը կառավարելու փորձ չուներ, և պատրաստ չէր նաև աղետի գոտուն: Աղետի գոտու հետևանքները վերացնելու դանդաղ պրոցեսը բերեց նրան, որ այսօր Գյումրիում կան վայրեր, որտեղ այցելելով տպավորություն ես ստանում, թե աղետից ոչ թե 29 տարի, այլ ընդամենը մի քանի ամիս է անցել: Մարդիկ ապրում են տնակային ավաններում, փլված շենքերում, և նրանց համար ամեն օր դեկտեմբերի 7–ն է: Հետևանքները վերացնելու համար պետք է համայն հայության ուժերը համախմբել: Դա միայն պետության և միայն Գյումրիի խնդիրը չէ: Իշխանությունները պարզապես պետք է համախմբող լինեն, նաև խոստովանեն... 
Սովորաբար մի ձեռագիր ունեն՝ չեն խոստովանում պրոբլեմը: Այն խորանում է և ի վերջո փաստի առաջ կանգնեցնում բոլորին: Իշխանությունների ամենամեծ մեղքն այն չէ, որ քայլեր չեն անում, այլ որ չեն խոստովանում: Սա կրկնակի մեղք է:

– Ի՞նչ տվյալներ ունեք բնակարանային խնդիրներ ունեցողների վերաբերյալ: Բացի մասնավոր անձանց բարեգործական ծրագրերից, պետությունը որքանո՞վ է ձեռք մեկնում:

– Պետությունը դադարեցված է համարել իր ծրագիրը: Համարում է, որ իր պարտականությունը կատարել է: Բայց փաստաթղթերով չէ, որ որոշվում է անօթևանների թիվը: Մենք ունենք մոտ 2300 ընտանիք, ովքեր ապրում են վագոն–տնակներում կամ կիսափլված ու խարխուլ շենքերում: Մարդիկ աղետի հետևանքով ծանր վիճակում են ապրում: Պետությունը պարտավոր է ապահովել բնակարաններով: Երբեմն իշխանության ներկայացուցիչները մի քիչ անուղեղ մոտեցում են ցույց տալիս ու ասում, թե ամբողջ երկրում էլ խնդիր կա: Ես գիտեմ, որ Երևանում էլ ծանր վիճակում գտնվող մարդիկ կան, բայց աղետը Գյումրին դարձրել է անօթևանների և աղքատության մի խուց: Ինչպե՞ս են պատկերացնում լուծումը, հույսը դրել են արտագաղթի՞ վրա, որը մեծ ծավալներ ունի Գյումրիում: Տնակային ավաններում ապրողները չեն արտագաղթում: Արտագաղթը տարբերակ չէ, կարող են մտքներից հանել: 

– Ամեն օր առնչվում եք տնակային ավաններում ապրողների հետ: Ինտեգրում, ուշադրություն, երազանքներ... Այսինքն՝ բացի նյութական խնդիրներից, ինչի՞ կարիք ունեն:

– Այդ ընտանիքների 80–90%–ը ծայրահեղ աղքատ են: Մոտ 8000–9000 մարդ այդ վիճակում է ապրում պարտադրված: Առհասարակ աղքատությունը շատ ծանր և խրոնիկական հիվանդություն է դարձել: Տնակային ավաններում մարդիկ գոյատևում են ու պայքարում: Դժվար է ակնկալել, որ ուշադրություն բևեռելու արդյունքում իրենց լավ կզգան, որովհետև ամեն օր մտածում են օրվա հացի, վառելիքի, երեխային դպրոց ուղարկելու մասին: Մտածում են՝ այսօր ո՞ր խանութից կկարողանան պարտքով հաց վերցնել: Այս ամենը մարդու մեջ սպանում է դրականը: Բայց շատ արագ վերականգնվում են: Մեկ–մեկ թվում է, թե բնակարան նվիրելով չի լուծվում մարդկանց հոգեբանական խնդիրը, բայց այդպես չէ: Բնակարան նվիրելուց հետո երկու–երեք օր անց այցելում ենք ու հասկանում, որ նրանց մոտ տնակային ավանից որևէ շունչ չի մնացել: Մարդիկ փորձում են շատ արագ մոռանալ տասնամյակների անցյալը, որովհետև այդ վիճում պարտադրված են հայտնվել, որովհետև իրենք իրենց բնավորությամբ թափառաշրջիկ չեն: Երազանքներ, բնական է, երեխաներն ունեն... Բայց երբ երեխաների կենտրոն բացեցինք, հովանավորներին ասացի, որ ամենացավալին այն է, որ երեխաներն էլ են սկսում համակերպվել այդ պայմաններին: Մեծ հաշվով՝ նրանք ինքնամեկուսացած կյանք են վարում: Նախկինում նման բան չկար, քանի որ ամբողջ քաղաքում տնակներ կային: Տնակային ավանները հիմա ծայրամասերում են, և մարդիկ սկսում են իքնամեկուսանալ: Ինտեգրման խնդիր կա: Բացի այդ, բոլոր բացասական երևույթները կենտրոնացած են տնակային ավաններում: Մասսայական ամուսնալուծություններ, վաղաժամ ամուսնություններ, խրոնիկական հիվանդություններ: Բանակից ազատված երիտասարդների քանակով տնակային ավաններն առաջին տեղում են: Աղետի շրջանը երկար ձգվեց, մարդկանց երազանքները ջարդվել են:

 

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: