Գյումրիում բնակվող հարյուրավոր անօթևան միայնակ տարեցներից յուրաքանչյուրի կյանքն ու ապրելակերպը մի իսկական ողբերգություն է 2017-07-26   302     

Գյումրիում բնակվող հարյուրավոր անօթևան միայնակ տարեցներից յուրաքանչյուրի կյանքն ու ապրելակերպը մի իսկական ողբերգություն է

Այս օրերին Գյումրիում հանդիպում և զրուցում եմ երկրաշարժից ի վեր, շուրջ 30 տարի, դոմիկներում և կիսախարխուլ, աղբանոցների վերածված շինություններում պատսպարված միայնակ տարեցների հետ: Նրանց մեծ մասը անժառանգ են, մանկությունները անցկացրել են Լենինականի որբանոցներում, ապա տասնամյակներ աշխատել են գործարաններում՝ բնակվելով հանրակացարաններում:

Նրանցից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը մի իսկական ողբերգություն է և ոչ միայն անցյալը, այլ նաև ներկա ապրելակերպը:

Ուզում եմ մի փոքրիկ դրվագ պատմել աշխարհի ամենաբարի, յոթանասունն անց մի կնոջ մասին: Նա ևս բնակվում է կիսաքանդ շինությունում և երկրիս երեսին ոչ մի ազգական չունի: Իր խոսքերով, ողջ սերը տալիս է երկու շներին և այն բազում կենդանիներին, որոնց նա խնամում է ամեն օր առնվազն 12 ժամ, առանց հանգստյան օրերի: Թոշակի և չնչին աշխատավարձի մեծ մասն էլ ծախսում է՝ իր կողմից խնամվող կենդանիներին կեր գնելու համար: Թեև հիվանդություններ ունի ու գրեթե ուժասպառ է, բայց շարունակում է դիմադրել և ամեն օր լուսաբացին գնում է գործի, հանուն այն կենդանիների, որոնք ամեն օր վանդակների ճաղերից իր ճամփին են սպասում և օրը սկսում իր երեսներն ու ձեռքերը լիզելով… 
Ի պատասխան մեր՝ ամենալավագույն պայմաններով կացարան տեղափոխվելու և անհոգ ծերություն անցկացնելու առաջարկությանը, մի հարց տվեց, որը մեր կողմից մնաց անպատասխան: Այն է. «Բա կենդանիները մեղք չեն, որ նրանց անտեր թողնեմ» …

Վահան Թումասյան

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: