Նազիկ Ավդալյանը չլիներ, օրորոցը բալկոնից էլ չէինք հանի 2017-06-24   241     

Նազիկ Ավդալյանը չլիներ, օրորոցը բալկոնից էլ չէինք հանի

Երեկ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ արված լուսանկարները, որոնք համացանցում էին հայտնվել, երկրպագուների կողմից քննարկման առիթ են դարձել: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնը օրորոց է բարձրացնում: Ո՞ւմ օրորոցն է, ո՞ւր է տանում, եւ ինչո՞ւ է Նազիկը ձեռքերի մեջ օդում պահել այն: 

Գյումրիում գործող Շիրակ հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանը մեզ հետ զրույցում պատմեց եղելությունը: «Երևանից մի բարերար մեզ օրորոց էր ուղարկել Գյումրու Սլաբոդկա թաղամասի տներից մեկի կտուրում բնակվող միայնակ կնոջ փոքրիկի համար: Նազիկը տեղեկացել էր, որ մենք պատրաստվում ենք այցելել սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների, նա նույնպես սննդամթերք էր բերել եւ այլն, բայց պատահականորեն նրա ներկայությունը մեզ ուժի առումով պետք եկավ: Օրորոցը մեծ էր, ծանր, մի քանի հոգով փորձում էինք բարձրացնել, բայց չէինք կարողանում, ձեռք մեկնողները ոժից թույլ էին, մեկ էլ էն տեսա, որ Նազիկը միայնակ օդի մեջ ձեռքերով պահել է օրորոցը: Մի խոսքով՝ Նազիկ Ավդալյանը չլիներ, օրորոցը բալկոնից էինք հանելու, չգիտեմ ինչպես»,-ասաց Վահան Թումասյանը՝ կարևորելով հանրաճանաչ մարդկանց մասնակցությունը նման դեպքերին:

«Նրանց մասնակցությամբ պետության, բարերարների լրացուցիչ ուշադրությանն են արժանանում նմանատիպ ընտանիքները: Նազիկի առաջարկով մենք եղանք ևս մի քանի ընտանիքներում, որոնց կարգավիճակը հուզեց չեմպիոնին, որոշեց նախաձեռնությամբ հանդես գալ: Նազիկն այնքան համեստ է, որ անգամ լուսանկարվել չուզեց, իր անունը բարձրաձայնել՝ ի տարբերություն շատ ավանտյուրիստների, որոնք համացանցով բարեգործությամբ են զբաղվում՝ զուտ իրենց հեղինակության համար»,-ավելացրեց կենտրոնի նախագահը:

Արևիկ Հակոբյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: