Գյումրին օր առաջ ազատենք վագոն-տնակներից. «Շիրակ կենտրոն» 2017-06-10   3     in english

Գյումրին օր առաջ ազատենք վագոն-տնակներից. «Շիրակ կենտրոն»

1988-ի դաժան աղետից անցել է ավելի քան քառորդ դար, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը: Այսօր էլ քաղաքով մեկ սփռված են ավելի քան 3500 կիսախարխուլ վագոն-տնակներ: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած ընտանիքների մի մասը չեն շտապում դրանք քանդել և Գյումրին ազատել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից:

Միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ քաղաքը չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոցից մոտ 1000-ը նույնիսկ բնակելի չեն: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքը վագոն-տնակներից ազատելու լավագույն տարբերակներից մեկը կլինի այն, որ հատկապես չբնակեցված խարխուլ կացարանները գնվեն տնօրինողներից ու պարզապես քանդվեն: Իսկ քանդված վագոն-տնակներից առաջացած փայտանյութն էլ որպես ձմռան վառելիք բաժանվի այլ վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին:

«Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու նպատակով Հայաստանի անտառապատ համայնքներից յուրաքանչյուր տարի ձեռք է բերում մոտ 300 խորանարդ մետր փայտ և բաժանում է կարիքավոր ընտանիքներին: Ստացվում է, որ սրանով մեր կազմակերպությունը հարկադրաբար նպաստում է, որ յուրաքանչյուր տարի մոտ 1000 ծառ պակասի մեր առանց այդ էլ սակավաթիվ անտառներից: Իսկ մեր այս նոր բարեգործական նախաձեռնությունը կնպաստի, որ անտառները հատելու փոխարեն անօթևան ընտանիքներին որպես ձմռան վառելիք տրամադրվի կիսախարխուլ վագոն-տնակները քանդելուց առաջացած փայտանյութը: Ավելին, վագոն-տնակների քանդումից առաջացած մետաղական մասերն էլ կփոխանակվեն փայտանյութով կամ կվաճառվեն, և առաջացած գումարով կրկին կգնվեն վագոն-տնակներ՝ քանդման նպատակով: Ներկա պահին Գյումրիում կիսախարխուլ մեկ վագոն-տնակի արժեքը կազմում է 600-ից 800 դոլար: Քանդման ենթակա յուրաքանչյուր տնակը կլուսանկարվի, կներկայացվեն նաև քանդման գործընթացն ու ավարտից հետո մաքրված տարածքները պատկերող լուսանկարները, տեսանյութերը: Դրանք կտեղադրվեն մեր՝ www.shirakcentre.am կայքում և հանրապետության համեմատաբար ազդեցիկ էլեկտրոնային պարբերականներում, ինչպես նաև կներկայացվեն տվյալ տնակի ձեռք բերման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերած հովանավորին:

Առաջարկվող ծրագիրն ունի կարևորագույն 5 բաղադրիչներ՝

Առաջինը` հոգեբանականն է. գյումրեցու մեջ հույս կարթնանա, որ մի օր իր սիրելի քաղաքը կվերագտնի նախկին հմայքը՝ առանց վագոն-տնակների:

Երկրորդը` սոցիալականն է. ձմռան ամիսներին տնակներում պատսպարված անօթևան ընտանիքներին կտրամադրվի անվճար վառելանյութ:

Երրորդը` քաղաքաշինականն է. Գյումրիում զգալի համայնքապատկան տարածքներ կազատվեն ժամանակավոր կացարաններից, ինչը կտա կառուցապատման աշխատանքների իրականացման և քաղաքի տեսքի վերականգնման հնարավորություն:

Չորրորդը՝ բնապահպանական է: Անտառները հատելու փոխարեն ձմռան վառելափայտ կառաջանա խարխուլ և խոնավ, վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակների քանդուցքից:

Հինգերորդը` զբաղվածության բաղադրիչն է. այս ծրագրի իրականացման գործողություններում կընդգրկվի տնակային ավաններում բնակվող 10-15 մարդ, որոնք վաղուց մատնված են գործազրկության:

Բյուջեով նախատեսված գումարը կծախսվի տնակների ձեռք բերման, դրանց քանդման, վառելափայտի պատրաստման ու բաժանման աշխատանքներ իրականացնելու համար:

Այս ծրագրի իրականացման նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց ու կազմակերպություններին՝ կոչ անելով արձագանքել և կատարել նվիրատվություններ ստորև նշված հաշվեհամարներից որևէ մեկին.

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA,

SWIFT CODE: INJSAM22

AMD - 2052622035941001

EUR - 2052622035941040

RUB - 20526 22035941041

USD - 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց,

Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020

Ներկայացնում ենք «Շանթ» ՀՌԸ-ի տեսանյութը «Շիրակ կենտրոնի» կողմից Գյումրին տնակներից մաքրելու գործընթացի մասին:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: