Մեր համեստ ներդրումը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և մշակույթի պահպանման գործում 2017-05-03   218     

Մեր համեստ ներդրումը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և մշակույթի պահպանման գործում

Ընդամենը մի քանի տարի առաջ որոշեցինք անել մի շատ համարձակ քայլ: Գյումրու թաղամասերից մեկում մի հսկայական աղբակույտ մաքրեցինք` ավելի քան 60 կամազ մեքենա աղբ, և սկսեցինք կառուցել: Տարիներ շարունակ երկրաշարժից փլված հին շենքերի շինանյութերը շինաղբանոցներից հավաքեցինք ու դրանց նոր կյանք տալով, պահպանելով գյումրվա ավանդույթները մի հրաշք կառույց ստեղծեցինք` մեր ձեռքերով, ուր տեղ գտան տասնյակ տարիներով կուտակած իմ հավաքածուն՝ հին ու հազվագյուտ լուսանկարներ, իրեր, արհեստավորական և գյուղատնտեսական հին գործիքներ և այլն: Այդ ամբողջը արեցինք իմ եղբայրների, ընտանիքիս անդամների և ընկերներիս հետ: Ամեն օր աշխատեցինք ավելի քան 10 ժամ: Մեզ աջակցեցին անհատ հովանավորներ: Նրանց մասին բազմիցս եմ խոսել: Կարճ ժամանակում մեր կառույցը դարձավ քաղաքի այցեքարտերից մեկը: Գրեթե ամեն օր բազմաթիվ հյուրեր են ժամանում: Մեր կառույցում առանց որևէ կոպեկի իրենց տեսահոլովակներն են պատրաստում Գյումրու երաժշտական համույթները, միջոցառումներ անցկացնում երիտասարդական նախաձեռնությունները...
Այս ամենը արվեց առանց միջազգային կազմակերպությունների գրանտների և սեմինարների: Իրոք հրաշք էր, որ կարողացանք հաղթահարել հսկայական խոչընդոտներ և ստեղծել այդ հրաշքը: 
Էլ չխոսեմ Արշակիս հայկական գամփռների ու Վանա կատուների տեսակների բուծման և տարածման մասին: 
Կանգնել չկա: Շատ շուտով կրկին առանց դատարկ ու ամպագոռգոռ լոզունգների քայլեր կանենք: Տասնյակ երիտասարդների, հատկապես բանակից նոր վերադարձած տղաների հետ՝ տասնյակ աշխատատեղերով տուրիզմի զարգացմանը իրոք նպաստող քայլեր...

Վահան Թումասյան

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: