«Մեծ աղետից ավելի քան քառորդ դար անց» լուսանկարային ցուցահանդես 2015-11-10   763

«Շիրակ կենտրոնը» 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի կործանարար երկրաշարժի 27-րդ տարելիցին ընդառաջ, դեկտեմբերի 4-ին կազմակերպելու է եռօրյա ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են աղետի գոտու և մասնավորապես Գյումրու տնակային ավաններն ու 27 տարի շարունակ անօթևան մնացած ընտանիքների վերջին մեկ տարվա ապրելակերպը պատկերող լուսանկարներ:

Ցուցահանդեսը բաց է բոլորի համար, յուրաքանչյուր անձ՝ լինի պրոֆեսիոնալ, թե սիրող լուսանկարիչ, կարող է իր լուսանկարները ներկայացնել: Լուսանկարները կարող են լինել ցանկացած չափի, միակ պայմանն է, որ դրանք լինեն ըստ բովանդակության և արված լինեն աղետի գոտում վերջին մեկ տարվա ընթացքում :
Գործերը պետք է ներկայացվեն ցուցահանդեսի բացումից առնվազն 5 օր առաջ և լինեն թղթի վրա տպագրված: Նրանք, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս կամ ունեն լուսանկարները տպագրելու դժվարություն, կարող են դրանք ուղարկել «Շիրակ կենտրոնի» shirakcentre@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Ցուցահանդեսը կազմակերպվելու է կենտրոնի նորաբաց գրասենյակում, հասցեն՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4, Սախարովի հրապարակ: Ցուցահադրման ընթացքում անցկացվելու է նաև դրամահավաք, որով հանգանակված գումարները տրամադրվելու են անօթևան ընտանիքներին ձմռան վառելափայտի տրամադրման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ծրագրին:

Հ.Գ. Ցուցահանդեսը դեռևս չունի հովանավորներ, ուստի ակնկալում ենք ձեր արձագանքները:
«Շիրակ կենտրոն

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: