«Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնում». ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում 2014-02-20   660

Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի կունենա Տիգրան Պասկևիչյանի «Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը:

Քննարկման բանախոսներն են`

Տիգրան Պասկևիչյան, գրող, հրապարակախոս
Մանանա Ասլամազյան, մեդիա ոլորտի մասնագետ, Internews Network-ի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն

Ֆիլմի առանցքում Խորհրդային Միությունում գոյություն ունեցող «սամիզդատ» (հայերեն՝ ինքնահրատ) երևույթն է՝ ընդհատակում տպագրվող ու թաքուն (նեղ շրջանակներում) տարածվող գրական և տեղեկատվական այն շերտը, որը պաշտոնապես որակվում էր որպես «վտանգավոր» և «հակասովետական»:

Սամիզդատը, ըստ Տիգրան Պասկևիչյանի, իր հիմնական սկզբունքներով և տարածման ձևով շատ նման է համացանցի կառուցվածքին. երկու տիրույթներում էլ մարդն ինքն է ընտրում` ինչ կարդալ:

Ֆիլմն ամփոփում է սամիզդատի ստեղծման և դրա զանազան դրսևորումների պատմությունը, սամիզդատներ հրատարակողների գործունեությունը Սովետական Միությունում: Ֆիլմում ներկայացված է նաև հայ այլախոհների և ինքնահրատների հեղինակների գործունեությունը:

Տիգրան Պասկևիչյանի նախաձեռնությամբ Ֆեյսբուքում ստեղծվել է Սամիզդատ էջը ( https://www.facebook.com/pages/Samizdat/444883865612862), որտեղ տեղադրվել են սամիզդատի մասին ֆիլմի հեղինակի ուսումնասիրության արդյունքում ստացված հսկայածավալ տեղեկատվությունն ու վիդեո/աուդիո արտադրանքը, որը տեղ չի գտել 35 րոպեանոց ֆիլմում:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: